AM
29 Հոկտեմբեր 2010 - 07:42 AMT

Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակը» կարող է համալրվել Եվրախորհրդարանի պատգամավորներով

Ադրբեջանի ԱԳՆ-ն ճշտում է եվրախորհրդարանականների կողմից Լեռնային Ղարաբաղ այցելության մասին տեղեկատվությունը: Այդ մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովը: Ըստ նրա, եթե դա հաստատվի, Եվրոպայի խորհրդարանի պատգամավորնեը, որոնք ապօրինաբար այցելել են Ադրբեջանի գրավյալ տարածքներ, կընդգրկվեն «սև ցուցակում»:

Պոլուխովը նշել է, որ Ադրբեջանի դեսպանատներին հանձնարարվել է հետաքննել հայկական ԶԼՄ-ների հրապարակած տեղեկատվությունը, հաղորդում է AZE.az-ը:

Եվրախորհրդարանի պատգամավորներ Դանիեն Աբադը (Եվրոպական ժողովրդական կուսակցություն), Միշել Ռիվազը (Կանաչների եվրոպական միություն) Եվրոպական ժողովրդական կուսակցության փորձագետ Նիկոլաս Զիլբերգլայդի և Հայ դատի եվրոպական կոմիտեի ղեկավար Հիլդա Չոբոյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 28-ին այցելել են ԼՂՀ: