ԱՄՆ Կոնգրեսի այն թեկնածուների գրեթե 90 տոկոսը, որոնց սատարում էր Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), հաղթել է նոյեմբերի 2-ին կայացած ընտրություններում: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ին ANCA-ի մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը, սենատորներ Բարբարա Բոքսերը, Մարկ Քըրքը և Հարրի Ռեյդը պահպանել են իրենց տեղերը:
«Մենք շնորհավորում ենք հաղթողներին երկու կուսակցություններից և կառուցողական համագորածկցություն ենք ակնկալում Կոնգրեսի նոր անդամների ու առաջնորդների հետ: Մենք հատկապես հպարտանում ենք նրանով, որ հայ համայնքը առանցքային դերակատարություն ունեցավ Իլինոյսում Մարկ Քըրքի, Կալիֆորնիայում Բարբարա Բոքսերի, Նևադայում Հարրի Ռիդի ընտրության մեջ, և, անշուշտ, հանրապետական Մայք Գրիմի պարտությամբ, որը ներկայացնում էր Մայքլ Մակ-Մագոնի շահերը»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Հավելենք, որ Մայքլ Մակ-Մագոնը պաշտպանում է թուրք-ադրբեջանական լոբբիի շահերը:
Վեց սենատորներից հինգը, որոնք օգտվում էին ANCA-ի աջակցությունից, հաղթեցին: Պարտվեց սենատոր Ռասս Ֆայնգոլդը, որը տարիներ շարունակ սատարում էր Հայոց ցեղասպանության մասին բանաձևին:
Ներկայացուցիչների պալատում ընտրվեցին հայ համայնքի աջակցությունից օգտվող 158 թեկնածուներից 152-ը: Նրանց թվում են կոնգրեսական Էրիկ Քանթորը, որը հավանաբար կլինի Պալատում հանրապետական մեծամասնության առաջնորդը, և Թեդդի ՄաքՔոթթերը: Պալատում կշարունակի գործունեությունը նաև Ֆրենկ Փալլոունը, որի մրցակիցն էր Աննա Լիթլը: Քվեների հաշվարկը շարունակվում է:
Ընտրությունների արդյունքում դեմոկրատները պահպանեցին իրենց դիրքերը Սենատում, սակայն Ներկայացուցիչների պալատում փոքրամասնության թվում հայտնվեցին: Հանրապետականների վերահսկողության տակ կանցնեն բոլոր առանցքային հանձնաժողովները, այդ թվում նաև արտաքին հարաբերությունների և հատկացումների հանձնաժողովները:





