AM
9 Նոյեմբեր 2010 - 12:16 AMT

Արմեն Աշոտյանը ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Հայաստանում կրթական համակարգի բարեփոխումները

ԵԽ Գլխավոր քարտուղար Թ.Յագլանդի հրավերով Ստրասբուրգում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նոյեմբերի 8-ին մասնակցել է «Ակադեմիական ազատություն և հաստատությունների ինքնավարություն. պետական մարմինների դերը» համաժողովի աշխատանքներին: Իր ելույթում նախարարն անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանում կրթության ոլորտում անցկացվող բարեփոխումներին, համալսարանների ինքնավարության և ակադեմիական ընդլայնմանն ուղղված խնդիրներին: Արծարծվել են նաև եվրոպական հասարակություններում համալսարանների նոր դերին և առաքելությանը վերաբերող խնդիրները, համալսարանների պատասխանատվությունը և հասարակությունների առջև հաշվետու լինելը:

Ինչպես հայտնել է նախարարության մամլո ծառայությունը, նույն օրը կայացել է նախարարի հանդիպումը ԵԽ Գլխավոր քարտուղար Թ.Յագլանդի հետ: Հանդիպմանը երկուստեք նշվել է Երևանում կայացած «Հանուն ժողովրդավարության ապագայի Ֆորումի», որի մասնակիցն էր նաև Գլխավոր քարտուղարը, դրական արդյունքները և արձագանքները: Քննարկվել են Հայաստանում կրթական համակարգի բարեփոխումները, առաջիկա տարիների գերակայությունները, կարևորվել է կրթության համապատասխանեցումը 21-րդ դարի չափանիշներին և նշվել կրթական համակարգի նշանակությունը Հայաստանի` եվրոպական ինտեգրման քաղաքականության համատեքստում: Ուշադրություն է դարձվել ԵԽ փորձագիտական ներուժի օգտագործմանը Հայաստանում ընթացող բարեփոխումներին, շեշտադրվել ֆինանսական բավարար ապահովումը: Քննարկվել են նաև տարածաշրջանին առնչվող հարցեր:

Այցի ընթացքում նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ԵԽ կրթության ոլորտի փորձագետների հետ:.Աշոտյանին այցի ընթացքում ուղեկցում են Երևանի ճարտարապետական համալսարանի ռեկտոր Հ. Թոքմաջյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռ.Սուքիասյանը: