AM
9 Նոյեմբեր 2010 - 14:41 AMT

Եվրամիության ֆինանսավորմամբ Հայաստանում կիրականացվեն կոնկրետ ծրագրեր

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Եվրահանձնաժողովի Եվրոպական աջակցության և համագործակցության գրասենյակի Եվրոպական քաղաքականության բաժնի ղեկավար Սարա Րինալդիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական հարևանության քաղաքականության «Հարևանության ներդրումային գործիք» ծրագրի միջոցով Երևանի մետրոպոլիտենի և Հայաստանի փոքր քաղաքների ջրամատակարարման համակարգերի վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ըստ ամենայնի աջակցել շուրջ 36,8 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի անխափան ընթացքի ապահովմանը, որի արդյունքում Հայաստանի 7 մարզերում կբարելավվի փոքր քաղաքների ջրամատակարարումը, կվերականգնվեն ջրի մաքրման և կոյուղու հավաքատեղիների ենթակառուցվածքները, կարդիականացվի Երևանի մետրոպոլիտենը: Եվրոպական կողմը պատրաստակամություն է հայտնել ծրագրի հաջող ընթացքի դեպքում մեծացնել ֆինանսավորումը, որի մեջ զգալի մաս է կազմում անհատույց աջակցությունը հատուկ դրամաշնորհների միջոցով:

Երկուստեք կարևորվել է Հայաստանի համագործակցության խորացումը ներդրումների Եվրոպական բանկի, Եվրոպական զարգացման և վերակառուցման, Եվրախորհրդի զարգացման բանկերի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Հարևանության ներդրումային գործիք» ծրագրի շրջանակում Հայաստանում փոքր և միջին ձեռներեցությանն աջակցելու, Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վնասազերծման աշխատանքներում ներգրավվելու վերաբերյալ, ինչպես նաև` այլ ոլորտներում ԵՄ-ի հետ կոնկրետ ծրագրեր մշակելու և իրականացնելու շուրջ: Այս և այլ խնդիրների առնչությամբ դեկտեմբերին կանցկացվի սեմինար-քննարկում ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովում ներգրավված նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՀՀ ԱԱԽ քարտուղարի մամլո գրասենյակը: