Պաշտոնական այցելությամբ Հնդկաստանում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է Հնդկաստանի իր գործընկերոջ՝ Սոմանահալլի Մալլայահ Կրիշնայի հետ: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Դելի` Հնդկաստանի ԱԳ նախարարն ասաց. «հայ-հնդկական բարեկամության պատմական հարուստ ավանդույթներ գոյություն ունեն եւ Հնդկաստանը ցանկանում է գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները առավել խորացնելու համար»:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում մեծ կարեւորություն են տալիս Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը: «Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ չկա որեւէ խնդիր, որ բաժանում է կողմերին, այլ կան շատ գործոններ, որոնք միավորում են մեր երկրներին: Տարածաշրջանային եւ միջազգային հարցերի վերաբերյալ մեր պետությունները ունեն փոխըմբռնում, նույնանման կամ շատ մոտ դիրքորոշումներ»– ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը: Հայ-հնդկական բարեկամական գործընկերությանը նոր լիցք հաղորդելոււ նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց 2011 թ. Հնդկաստան ՀՀ նախագահի այց կազմակերպելու մասին:
Էդվարդ Նալբանդյանն ու Սոմանահալլի Կրիշնան հանգամանալից քննարկեցին Հայաստանի եւ Հնդկաստանի միջկառավարական հանձնաժողովի նիստի հաջորդ նիստի գումարմանը, ԱԳՆ-ների միջեւ անցկացվող խորհրդակցությունների աշխուժացմանը, միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:
Նախարարները բարձր գնահատեց հնդկահայ համայնքի ներդրումը Հնդկաստանի բազմամշակութային ժառանգության ստեղծման, պահպանման եւ հարստացման գործում: Բանակցությունների ընթացքում Հայաստանի եւ Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին տնտեսական փոխգործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում Հնդկաստանի մշակութային կենտրոնի հիմնադրման եւ հայաստանյան ԲՈՒՀ-երից մեկում հնդկական ուսումնասիրությունների ամբիոնի ստեղծման հնարավորությունները:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպումից հետո Հայաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարների ներկայությամբ Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը եւ Հնդկաստանի մշակույթի նախարարության պետքարտուղար Ջավար Սիրկարը ստորագրեցին Հայաստանի եւ Հնդկաստանի մշակույթի նախարարությունների միջեւ 2011-2012 թթ. մշակութային համագործակցության մասին հուշագիր:





