Պաշտոնական այցելությամբ Հնդկաստանում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է Հնդկաստանի իր գործընկերոջ՝ Սոմանահալլի Մալլայահ Կրիշնայի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց Կաշմիրի հարցում Հայաստանի դիրքորոշումը եւ շնորհակալություն հայտնեց հնդիկ գործընկերոջը Կովկասում առկա խնդիրների վերաբերյալ Հնդկաստանի հավասարակշռված դիրքորոշման համար: Իր հերթին նախարար Կրիշնան ասաց, որ Հնդկաստանը բարձր է գնահատում Հայաստանի մշտական աջակցությունը իր երկրի համար կարեւոր հարցերում, մասնավորապես Կաշմիրի խնդրի առնչությամբ: Նախարարներն ընդգծեցին, որ առկա խնդիրներին կրոնական երանգ տալու փորձերը ապակառուցողական են եւ կարող են միայն բարդացնել կարգավորման հեռանկարները, եւ հարկավոր է դրանք լուծել միայն բանակցությունների միջոցով` խաղաղ ճանապարհով:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Էդվարդ Նալբանդյանն Հնդկաստանի իր գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նախարարները շահագրգիռ քննարկում ունեցան միջազգային հարաբերությունների այժմեական խնդիրների մասնավորապես` ՄԱԿ-ի բարեփոխման վերաբերյալ: Այդ ենթատեքստում նախարար Կրիշնան շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի մշտական անդամության հարցում Հայաստանի աջակցության համար:





