Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Միջազգային հարաբերությունների հնդկական խորհուրդ, ուր հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով, որին ներկա էին Նյու-Դելիում հավատարմագրված դեսպաններ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ եւ լրագրողներ:
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասել է. «Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին Աստրախանում: Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեցին քննարկելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Հանդիպումից հետո, համատեղ հայտարարություն հրապարակվեց, որն ընդգծում էր, որ քաղաքական-դիվանագիտական միջոցներով հիմնախնդրին կարգավորման համար հարկավոր է լրացուցիչ քայլեր ձեռնարկել ռազմական ոլորտում փոխադարձ վստահության, ինչպես նաեւ հրադադարի ռեժիմի ամրապնդման համար: Որպես առաջին քայլ ձեռք բերվեց համաձայնություն փոխանակելու ռազմագերիներին եւ վերադարձնելու զոհվածների դիակները: Աստրախանի հանդիպումից հետո պայմանավորվածությունները սկսեցին իրագործվել: Սակայն ցավալի է, որ անգամ այս փոխանակումը Ադրբեջանի կողմից շահարկվեց հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով: Նոյեմբերի 7-ին, այդ առթիվ կազմակերպված հատուկ արարողության ընթացքում նախագահ Իլհամ Ալիեւը կրկին հայտարարեց հիմնախնդրի լուծման համար ռազմական ուժ կիրառելու Ադրբեջանի պատրաստակամության մասին: Նա ազգային հերոս հռչակեց ադրբեջանցի զինվորին, ով շփման գծում դիվերսիոն հարձակման ժամանակ սպանել էր հինգ եւ վիրավորել երեք հայերի` նշելով, որ «կան տասնյակ հազարավոր այդպիսի հերոսներ… որոնք սպասում են գերագույն հրամանատարի հրահանգին»: Նա մի քանի անգամ հիշատակեց մահապարտ «շահիդներին»՝ խաղալով Ադրբեջանի բնակչության կրոնական զգացմունքների հետ եւ նշելով, որ դա կարող է օրինակ ծառայել երիտասարդ սերնդի համար: Նա թմբկահարեց, որ իր երկիրը«ՙունի ոչ միայն մեծ քանակությամբ զենք, զինամթերք, ռազմական հանդերձանք, ռազմական հնարավորություններ, բանակը եւս մեծ վերելք է ապրում»:
«Զարհուրելի է, որ անգամ ելույթ ունենալով երեխաների առջեւ` դպրոցի բացման արարողության ժամանակ, Ադրբեջանի նախագահը սուր է ճոճում թմբկահարելով Ադրբեջանի ռազմական ներուժը, տարածքային պահանջներ ներկայացնելով` պնդելով, որ Հայաստանը եւ Երեւանը ադրբեջանական հող է ու դրա մասին պետք է մանուկները իմանան: Սա 1939 թվականի Գերմանիան չէ, սա 2010 թվականի Ադրբեջանն է: 2004-2011թթ. ընկած ժամանակահատվածում, ընդամենը 7 տարում, այդ երկրի ռազմական բյուջեն աճել է մոտ 18 անգամ: Եվ գրեթե կրկնապատկվել է 2010-ից 2011-ին: Եթե այն այս տարի կազմում է Ադրբեջանի ՀՆԱ-ի 10 տոկոսը, ապա 2011-ին ՀՆԱ-ի լինելու է մոտ 20 տոկոսը:
Ադրբեջանի կողմից սանձազերծված նախորդ պատերազմի վերքերը դեռ չեն ապաքինվել, մինչդեռ Բաքուն նոր արկածախնդրություն է պատրաստում: Եվ նավթի եկամուտներից հոսող գումարներն ուղղվում են նոր ռազմական սադրանքների սնուցմանը: Եթե Ադրբեջանը ցանկություն ունի գնալու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, ապա պետք է ուղղորդի նման անհիմն եւ սադրիչ գործողությունների վրա վատնվող եռանդն ու ռեսուրսները Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին, ոչ թե ձեւական, այլ գործնական մասնակցություն ունենալուն»,-ասել է նախարար Նալբանդյանն իր ելույթում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





