AM
19 Նոյեմբեր 2010 - 16:09 AMT

Թուրքիայում լրագրողներին շարունակում են դատել 301-րդ հոդվածով

Թուրքական Taraf թերթի հոդվածագիր Ռասիմ Օզան Քյութաղյալուն կդատվի Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով, որը քրեական պատիժ է նախատեսում թուրքական ազգի, Թուրքիայի Հանրապետության, կառավարության, խորհրդարանի և երկրի դատական համակարգի վարկաբեկման համար:

Ինչպես գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը, լրագրողին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ 2009 թվականին նա քննադատել է Թուրքիայի Գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուգին և իր հրապարակման մեջ գրել հետևյալը. «Դու պետական գործիչ չես, Իլքեր Բաշբուգ, դու բյուրոկրատ ես»:

Այս արտահայտության համար Թուրքիայի Գլխավոր շտաբը դատի տվեց լրագրողին` Անկարայի Գլխավոր դատախազությունից պահանջելով հրապարակման հեղինակին դատել ՔՕ 301-րդ հոդվածով:

Նույն այդ հոդվածով դատվել էր նաև հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, որը 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագրության դիմաց սպանվեց թուրք ազգայնականի կողմից: