ԵԱՀԿ պետությունների Աստանայում կայանալիք գագաթնաժողովում չկարգավորված հակամարտություններն էլ ավելի կսառեցվեն: Կարող է հռչակագիր ստորագրվել, Մայնդորֆի նմանությամբ, սակայն, ոչ ավելին: Այդ մասին հայտարարել է ՌԳԱ Սոցիոլոգիական ու քաղաքագիտական կրթության կենտրոնի ակադեմիական տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Սողոմոնովը:
«Բանը նրանում է, որ Մերձդնեստրի հանրապետությունը, Աբխազիան, Հարավային Օսեթիան մակերեսային հակամարտություններ են: Ղարաբաղն է խորագույն խնդիրը: Դա ողջ հետպատերազմյան աշխարհի խնդիր է: Դա ամենամեծ մարտահրավերն է»,-նշել է նա:
Ըստ Սողոմոնովի, միակ լուծումը ազգային ինքնիշխանությունից հրաժարվելն է: «Ռուս-ճապոնական տարածքային վեճի օրինակով ես տեսնում եմ լուծումը համատեղ վիճահարույց կղզիների համատեղ տիրապետման մեջ: Այդ դեպքում ճապոնացիները ստիպված կլինեն ընդմիշտ հրաժարվել այդ կղզիների հանդեպ իրենց հավակնություններից: Ղարաբաղյան հակամարտության հարցում ես կարծում եմ, որ Ադրբեջանը կորցրել է Լեռնային Ղարաբաղը: Ըստ իս, Ադրբեջանը կարող է երկու ուղղությամբ ընթանալ՝ համառորեն պահանջել այն վերադարձնել, կամ ներառել Լեռնային Ղարաբաղը հանրապետության կազմում որպես համատեղ բնակության ընկերակցություն: Ինչ վերաբերում է հակամարտության լուծման ռազմական ճանապարհին, ապա պատերազմն այնտեղ անհնար է, դա չի կարող անել ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմը»,-գտնում է ռուսաստանցի քաղաքագետը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հնարավոր բլիցկրիգին Իրանում պատերազմի դեպքում, ապա Սողոմոնովը գտնում է, որ այդ դեպքում Ադրբեջանն առնվազն 5-6 մլն փախստական կունենա: «Նման իրավիճակում խաղաղ պայմանագիրը Ադրբեջանի ու Հայաստանի միջև կկնքվի մեկ օրում, քանի որ պաշտոնական Բաքուն այդ իրավիճակում արդեն Լեռնային Ղարաբաղի մասին չէ, որ կմտածի»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:





