AM
26 Նոյեմբեր 2010 - 12:12 AMT

Գեորգի Բարամիձե. Ռուսաստանը փորձում է Հայաստանի ու Վրաստանի միջև խնդիրներ ստեղծել

Հայաստանից վարորդների համար շատ կարևոր է, որ Վրաստանի ճանապարհներին կոռուպցիա չկա: Այդ մասին հայտնել է Վրաստանի փոխվարչապետ, եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն: «Ապրանքների 80%-ը Հայաստան է ներկրվում Վրաստանի տարածքով, հայ վարորդների համար այժմ շատ ավելի դյուրին է դարձել Վրաստանի տարածքով երթևեկելը: Գնալով ավելի շատ հայ տուրիստներ են այցելում Վրաստան: Մենք հոյակապ համագործակցություն ունենք հաստատած կառավարությունների ու նախագահների մակարդակով»,- նշել է Բարամիձեն:

Խոստովանելով, որ կան դժվարություններ, նա ասել է, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանի ու Վրաստանի միջև խնդիրներ ստեղծել, և մատնանշել է մի փաստ. «Ռուսաստանն առաջարկեց բացել երկու երկրների միջև միակ հսկիչ անցագրային կետը (ՀԱԿ)` «Վերին Լարսը»: Վրաստանը համաձայնեց, բայց հետո Ռուսաստանը հայտարարեց, որ կբացի անցագրային կետն այն պայմանով, որ դրանով պետք է անցնեն Հայաստանի բեռնատար ավտոմեքենաները` հույս ունենալով, որ մենք կասենք «ոչ», բայց մենք ասացինք «այո»:

Բարամիձեն կրկնել է, որ Ռուսաստանը փորձում է երկու երկրների միջև հարաբերություններում լարվածություն ստեղծել: Նրա կարծիքով, հայ հասարակությունը ենթակա է ռուսական ԶԼՄ-ների ազդեցությանը, որոնք Վրաստանի հանդեպ թշնամաբար են տրամադրված, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: