AM
26 Նոյեմբեր 2010 - 12:26 AMT

Հայաստանի նախագահի և ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ համանախագահները կվերադառնան Ադրբեջան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ համանախագահներ Ռոբերտ Բրադկեն ու Իգոր Պոպովը կվերդառնան Բաքու: Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: Ըստ նրա, ինքը կմեկնի Փարիզ, տեղեկացնելու համար կարգավորման ընթացքի մաիսն Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին, վարչապետ Ֆիյոնին և ԱԳ նորանշանակ նախարար Միշել Ալիո-Մարիին: Նա հայտնել է, որ համանախագահները Աստանա կմեկնեն նոյեմբերի 29-ին ամբողջ կազմով:

«Երեկ մենք հանդիպել ենք Ադրբեջանի նախագահի ու ԱԳ նախարարի հետ: Դեռ դժվար է ինչ-որ բան ասել, մեր այցն ավարտված չէ: Գուցե, Երևանում կայանալիք հանդիպումից հետո ինչ-որ բան հայտնի դառնա»,-ասել է ֆրանսիացի դիվանագետը:

Մեկնաբանելով այն, թե ինչ ձևաչափով կանցնի նախագահների հանդիպումն Աստանայում, ֆրանսիացի համանախագահը նշել է, որ դրա մասին դժվար է ասել: «Նախագահների հանդիպումը առնվազն մեկ ամիս առաջ պետք է նախապատրաստվի: Սակայն, Աստանայի գագաթնաժողովում ակնկալվում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիոնի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասնակցությունը»,-ասել է Ֆիյոնը:

Իր հերթին ԵԱՀԿ ռուս համանախագահ Իգոր Պոպովը հաղորդել է, որ Ադրբեջանում կայացած հանդիպումներում քննարկվել է Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների բանակցությունների ձևաչափը Աստանայում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում: «Սակայն դա հրապարակման ենթակա հարց չէ, ուստի մենք չենք կարող խոսել բանակցությունների էության մասին»,-հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: