AM
27 Նոյեմբեր 2010 - 11:47 AMT

Արմեն Գևորգյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ջրօգտագործողների և Ջրառ ընկերությունների ղեկավարների հետ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նոյեմբերի 27-ին աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Ջրօգտագործողների և Ջրառ ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

Ինչպես հաղորդում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, խորհրդակցությանն ամփոփվեցին տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նախանշվեցին 2011թ. անելիքները: Ներկայացվեց, որ նոյեմբերի 21-ի դրությամբ մատակարարվել է 398.693 մլն լ/խմ ջուր, որի հասույթը կազմում է 4,374,039 հազար դրամ: Նոյեմբերի 21-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հավաքագրման ցուցանիշն աճել է 345 մլն դրամով:

Փոխվարչապետը հորդորեց հավաքագրման մակարդակը հասցնել Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համաձայնեցված ծրագրային ցուցանիշներին: Արմեն Գևորգյանը Ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներից պահանջեց մինչ տարեվերջ կոնկրետ քայլեր ձեռնարկել վարձավճարների հավաքագրման ուղղությամբ: Նա հիշեցրեց, որ ՋՕԸ-ների ղեկավարների հիմնական խնդիրներն են անհրաժեշտ ջրի մատակարարման, արդյունավետ ֆինանսական վարչարարության և կարգապահության ապահովումը:

Փոխվարչապետը նշեց նաև, որ ՀՀ կառավարությունը համապատասխան օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել, և արդեն ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունվել է օրենսդրական փաթեթ, որը նախատեսում է ՋՕԸ-ների կողմից մատուցվող ոռոգման ծառայություններն ազատել ԱԱՀ-ից: Ներկաներին տեղեկացնելով «ՀՄՀ-Հայաստան»-ի ծրագրերի մասին` նա հորդորեց ՋՕԸ-ների ղեկավարներին պատասխանատվությամբ մոտենալ և աջակցել մասնավորապես երրորդ կարգի ջրամբարների և պոմպակայանների վերականգնման ծրագրերի իրականացման ընթացքին:

ՀՀ փոխվարչապետը տեղեկացրեց նաև, որ այս տարի «ՀՄՀ-Հայաստան»-ի ծրագրերի շրջանակում իրականացվող ՋՕԸ-ների տեխնիկական օժանդակության և կարողությունների հզորացման ծրագրով մինչև հաջորդ ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների սկիզբը ՋՕԸ-ներին նախատեսվում է նոր տեխնիկայի տրամադրում:

Անդրանիկ Անդրեասյանն անդրադարձավ ՋՕԸ-ներում արդեն ներդրված GIS ծրագրին, որի միջոցով իրականացվում է ոռոգվող հողատարծքների և ջրի ծավալների հաշվառումն ու կառավարումը: Նշվեց, որ ծրագիրը նպաստում է ջրամատակարարման, գումարների հավաքագրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը: