AM
29 Նոյեմբեր 2010 - 11:19 AMT

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չի հաստատում և չի հերքում գաղտնազերծված ամերիկյան փաստաթղթերի իսկությունը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ WikiLeaks կայքում ամերիկյան գաղտնի փաստաթղթերի հրապարակման առնչությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ԱՄՆ Պետդեպարտամենտը չի մեկնաբանում փաստաղթերը, այդ թվում գաղտնի, որոնք հավանաբար ներբեռնվել են ԱՄՆ ՊՆ համակարգիչներից: Գաղտնի տեղեկատվության ցանկացած հրապարակում WikiLeaks կայքի կողմից ոչ միայն սպառնալիքի տակ է դնում կոնկրետ անձանց կյանքը, որոնց անունները հիշատակված են փաստաթղթերում, այլ նաև վնասում է բոլոր երկրների ու ժողովրդների միջև հարաբերություններին: Հաշվի առնելով նման ազդեցության հնարավորությունը, մենք դատապարտում ենք տեղեկատվության արգելված հրապարակումը և միջոցներ ենք ձեռնարկում կանխելու համար անվտանգության համակարգում առաջացած հնարավոր ճեղքվածքը»:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ, չնայած նրան, որ ամերիկյան կողմը չի կարող խոսել փաստաթղթերի իսկության մասին, այնուամենայնիվ, հեռագրերը դիվանագիտական շրջանակներում արտացոլում են այն ներքին վերլուծություններն ու անաչառ գնահատականները, որոնց շնորհիվ կառավարությունները տեղեկանում են արտաքին հարաբերությունների մասին: «Հաճախ, այդ հեռագրերը նախնական են լինում և լիարժեք կերպով չեն արտահայտում արտաքին քաղաքական կուրսը և չպետք է դիտարկվեն որպես անձնական կարծիք կամ որպես ԱՄՆ պաշտոնական կարծքիք»,-ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ: