ԱՄՆ-ն մտադիր չէ հրաժարվել ղարաբաղյան հակամարտության լուծմանն իր մասնակցությունից և ծրագրում է այդ հարցում սերտ կապեր պահպանել Ռուսաստանի հետ, հայտնեց Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Նրա խոսքով, Ռուսաստանն ակտիվ դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: «Մենք ողջունում ենք Ռուսաստանի դերը, նրա ներգրավվածությունը հակամարտության լուծման որոնումներում և պատրաստ ենք սերտ համագործակցել այդ հարցում: Ճիշտ չէ, որ ԱՄՆ-ն բավականաչափ չի մասնակցում հակամարտության լուծման շուրջ աշխատանքներին: Մենք սերտ կապի մեջ ենք կողմերի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ և շահագրգռված ենք արդյունքներով, ինչպես համանախագահ երկրներ Ռուսաստանն ու Ֆրանսիան»,- ասաց դիվանագետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:





