AM
10 Դեկտեմբեր 2010 - 14:11 AMT

Բակո Սահակյան. Արցախի Հանրապետության անկախությունն անպայման կճանաչվի միջազգային հանրության կողմից

Դեկտեմբերի 10-ի երկտոնը արցախյան անկախ պետականության համար ամենակարևոր և խորհրդանշական իրադարձություններից է: 1991 և 2006 թվականների այս օրը մեր ժողովուրդը, հանդիսանալով իր իսկ կողմից ստեղծված պետության ինքնիշխանության գերագույն կրողը, հանրաքվեների միջոցով արտահայտեց Արցախն անկախ ու ազատ տեսնելու, հայրենի երկիրը շարունակաբար ամրապնդելու իր կամքն ու վճռականությունը: Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում` նվիրված ԼՂՀ Հանրաքվեի և սահմանադրության օրվան: «Բախտորոշ այդ հանրաքվեները ձևավորել են մեր պետականության կառուցման փիլիսոփայությունը, որի հիմքում են ժողովրդավարությունը, սոցիալական հզոր համակարգը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը և, իհարկե, ազատությունն ու անկախությունը:

Այդ բացառիկ գաղափարներն ու արժեքները հաստատուն են և անփոփոխ մեզ համար: Մենք երբեք չենք հրաժարվի մեր ընտրած ճանապարհից: Համոզված եմ՝ Արցախի Հանրապետության անկախությունն անպայման կճանաչվի միջազգային հանրության կողմից, քանի որ մեր երկրի ծնունդն ու գոյությունն ամբողջովին համապատասխանում է միջազգային իրավունքների նորմերին և հիմնարար սկզբունքներին:

Այս կարևորագույն տոնի առթիվ Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք»,- ասել է Բակո Սահակյանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի մամլո ծառայությունը: