Մանեժյան հրապարակում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում երկու հայ է տուժել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամլո քարտուղար Գևորգ Մինասյանը: «Ելնելով անվտանգությունից` տուժածների անունները չեն հաղորդվում»,- ասաց նա: Ընդ որում` Մինասյանը հաղորդեց, որ երկու տուժածներն էլ ծանր վիճակում են: Նրա խոսքով` երկուսն էլ ծանր վնասվածքներ են ստացել, նրանցից մեկի կողոսկրերը ջարդված են: «Տուժածները բժիշկների վերահսկողության տակ են»,- հաղորդեց Գևորգ Մինասյանը:
Մի քանի հազար ֆուտբոլի երկրպագուներ դեկտեմբերի 11-ին չարտոնագրված ցույցի հավաքվեցին Մոսկվայի կենտրոնում` Մանեժյան հրապարակում, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն «Սպարտակ» ՖԱ զոհված երկրպագու Եգոր Սվիրիդովի հիշատակին: Ակցիայի ժամանակ անկարգություններ սկսվեցին. ամբոխը ճեղքեց ոստիկանության շղթան, ծեծի ենթարկվեցին կովկասցիներ, հիվանդանոցներ տեղափոխվեցին 29 տուժածներ: Երկրպագուները նաև չարտոնված երթ կազմակերպեցին Պետերբուրգի կենտրոնում` խցանելով քաղաքի մի քանի փողոցների երթևեկությունը:





