AM
23 Դեկտեմբեր 2010 - 12:10 AMT

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից ընդունվել են բանաձեւեր, որոնցում կարեւորվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը

Նյու Յորքում օրերս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի (ԳՎ) կողմից միաձայն ընդունվել են բանաձեւեր, որոնցում կարեւորում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Մասնավորապես, ԳՎ-ն ընդունելով «Ազգերի ինքնորոշման համընդհանուր իրականցումը» խորագրով բանաձեւը վերահաստատում է եւ կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել այս իրավունքի ոտնահարման դեպքերին: Կազմակերպության բազմաթիվ անդամ-երկրներ հավատացած են, որ ինքնորոշման իրավունքը հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը, այն արդիական է այսօրվա միջազգային անցուդարձի համատեքստում եւ համարվում է միջազգային ողջ համակարգի կարեւորագույն հենասյուներից մեկը:

Նյու Յորքում օրերս ընդունվել է մեկ այլ բանաձեւ, որն առնչվում է ՄԱԿ-ի եւ Իսլամական համաժողով կազմակերպության միջեւ համագործակցությանը, որում ԳՎ-ն խնդրում է նշված երկու միջկառավարական կառույցներին շարունակել համագործակցությունն`ուղղված համընդհանուր խնդիրների լուծմանը, ինչպիսիք են` միջազգային խաղաղության եւ անվտանգության, զինաթափման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եւ ազգերի ինքնորոշման իրավունքի հետ կապված հիմնահարցերը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, վերը նշված բանաձեւերի ընդունմանը ՄԱԿ-ի համապատասխան մարմիններում նախորդել էին քննարկումներ, որոնց ի թիվս ՄԱԿ-ի շահագրգիռ այլ անդամ-երկրների մասնակցել է նաեւ Հայաստանը: