AM
24 Դեկտեմբեր 2010 - 12:13 AMT

Յուրաքանչյուր տասներորդ ռուսը պատրաստ է մասնակցել օտարերկրացիների ջարդերին

Յուրաքանչյուր տասներորդ ռուսը պատրաստ է մասնակցել բողոքի ցույցին, այնպիսի ցույցի, ինչպիսին դեկտեմբերի 11-ին ջարդերի վերածվեց Մոսկվայի Մանեժի հրապարակում: ՀԿՀՄԿ հարցման արդյունքների համաձայն, հարցվողների 18%, այսինքն գրեթե յուրաքանչյուր հինգերորդ ռուսը հավանություն են տալիս ջարդեր կազմակերպած ֆուտբոլային երկրպագուների գործողություններին: Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ակցիայի մասնակիցների հետ համաձայն են հարցվածների 37%: Մանեժյան հրապարակում երկրպագուների գործողությունները դատապարտեցին ռուսների 65%, գրում է մոսկովյան «Վեդոմոստի» թերթը:

Հարցվածների միայն 9% Մանեժի հրապարակում տեղի ունեցած ջարդերի պատճառ նշեցին ազգամիջյան հակամարտությունը: 22%-ը կատարվածը գնահատեցին որպես անօրինականության, սպանությունների ու իշխանությունների անգործության դեմ բողոքի ակցիա:

ՀԿՀՄԿ-ն հարցում է անցկացրել դեկտեմբերի 18-19-ին Ռուսաստանի 138 բնակավայրերում:

Երկրպագուները Մանեժի հրապարակում ցույց կազմակերպեցին այն բանից հետո, երբ սպանվեց «Սպարտակի» երկրպագու Եգոր Սվիրիդովը: Միջոցառումը վերածվեց հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների հետ բախման: Բացի դրանից, սպանվեցին ոչ սլավոնական արտաքինով մի քանի մարդ: Հետագայում ազգայնականները փորձում էին բողոքի ցույցեր անցկացնել Ռուսաստանի մի քանի քաղաքներում: