Ստամբուլի դատարանը չորեքշաբթի քաղաքից չբացակայելու ստորագրությամբ ազատ է արձակել բժիշկ Յուսուֆ Էրչին Սոնմեզին, որը ձերբակալվել էր նախօրեին Ինտերպոլի օրդերով՝ մարդու օրգանների առևտրի և Ադրբեջանում ու Կոսովոյում դրանց ապօրինի փոխպատվաստման համար: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սոնմեզն ասաց, որ ոչ մի հանցագործություն չի կատարել: «Չկա մարդկային օրգանների վաճառքի հետ կապված ոչ մի հանցագործություն, համապատասխանաբար, չկա նաև չկատարված ոճրի ապացույց: Ես հույսս դրել էի արդարադատության վրա, էլ ինչի վրա կարող էի հույս դնել»,-ասել է նա՝ հերքելով տեղեկատվությունն այն մասին թե ձերբակալվել է Ինտերպոլի օրդերի հիման վրա:
«Ես ամիսը երկու անգամ արտերկիր եմ մեկնում: Եթե ես հետախուզման մեջ գտնվեի, ապա չէի կարողանա մեկնել երկրից»,-ասել է «սև վիրաբույժը»: Նա խոստովանել է, որ հարցաքննվել է մի գործով, որը հետաքննում են Կոսովոյի իշխանությունները, սակայն, չի ճշտել, թե կոնկրետ՝ որ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Թուրք «սև վիրաբույժը» հեռակա կարգով դատապարտվել է Կոսովոյում ութ տարվա ազատազրկման՝ մարդկային օրգանների ապօրինի փոխպատվաստման կազմակերպման համար:
2008թ. դրությամբ կատարվել է մոտ 20 վիրահատություն՝ օրգանների ապօրինի փոխպատվաստում, իսկ հանցավոր խմբի մեջ, Սոնմեզից բացի, մտնում էին Կոսովոյի առողջապահության նախարարը, ինչպես նաև բժիշկներ Իսրայելից ու Թուրքիայից: Հետագայում նման մեղադրանք ներկայացվեց նաև վարչապետ Խաշիմ Տաչիի դեմ:





