AM
13 Հունվար 2011 - 11:53 AMT

Սերգեյ Լավրով. 2011-ին Ռուսաստանը կփորձի մի փոքր առաջ շարժվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

Հենվելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների աջակցության վրա` Ռուսաստանը կփորձի այս տարի մի քիչ առաջ անցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին Մոսկվայում 2010-ի արդյունքների մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Եռյակին» մասնակցելուց բացի, ՌԴ-ն` ի դեմս նախագահ Մեդվեդևի, օգտագործում է Բաքվի և Երևանի հետ հարաբերությունները` խնդիրները երեք նախագահների ձևաչափում լուծելու համար»,- ասել է նախարարը: Նրա խոսքերով, Մեդվեդևը շուրջ տասնյակ հանդիպումներ է անցկացրել Բաքվի և Երևանի գործընկերների հետ:

«Մենք փորձում ենք լուծումներ որոնել երկու-երեք խնդիրների շուրջ, որոնք թեև քիչ են արդեն համաձայնեցված հարցերի համեմատ, բայց առավել բարդ են»,- նշել է Լավրովը:

Նախարարի խոսքերով, այս փուլում ամենակարևորն է չխանգարել այդ գործընթացին, չէ որ երբ սկսում են ներգրավվել այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն, ապա հարցը գործնական քննարկումից անցնում է բանավեճի ոլորտ, ինչը չի նպաստում դիրքորոշումների մերձեցմանը, այլ միայն հրահրում է մոտեցումների սրում և կարծիքների հակասություն: «Մինչև հիմա հաջողվել է հաղթահարել նման ախտանիշները հիմնականում մեր նախագահի ջանքերով, որը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համար ստեղծել է լուծումներ գտնելու համար մթնոլորտ, և մենք շարունակելու ենք մեր ջանքերը»,- ասել է Լավրովը, հաղորդում է «Վեստի 24»-ը: