AM
14 Հունվար 2011 - 05:31 AMT

Ադրբեջանը գազ կառաքի Եվրոպա

Ադրբեջանը պայմանավորվել է դեպի Եվրոպայի երկրներ գազի երկարաժամկետ առաքումների մասին: Համապատասխան պայմանագիրը հունվարի 13-ին Բաքվում ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, հաղորդում է AFP-ն:

Առաքումների ծավալն ու այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: Սակայն, ըստ Եվրահանձնաժողովի ներկայացուցչի, առաքումները զգալի չեն լինի: Ինչպես նշում է AZE.az պորտալը, առաջիկա տարիներին գազի արդյունահանումն Ադրբեջանում զգալիորեն կաճի և երկիրը պետք է վառելիքն արտահանելու հնարավորություն ունենա: 2011թ. Ադրբեջանը մտադիր է արդյունահանել մոտ 30 մլրդ խմ գազ, իսկ մինչ 2018թ. այդ ցուցանիշը նախատեսվում է հասցնել 80 մլրդ խմ-ի: Ադրբեջանը համարվում է գազի հիմնական առաքիչը Nabucco գազամուղի համար, որի միջոցով Եվրոպան փորձում է նվազեցնել կախվածությունը ռուսական գազից: Այն կդառնա Բաքու-Թբիլիսի-Էրզրում երթուղու շարունակությունը, իսկ հետո Թուրքիայով կհասնի մինչև բալկանյան երկրներ և Ավստրիա: 2010թ. օգոստոսին հայտնի դարձավ, որ Nabucco-ի ղեկավարությունը հաստատել է գաղամուղը վառելիքով ապահովելու երկու գիծ՝ թուրք-վրացական ու թուրք-իրաքյան:

Nabucco-ն նախատեսվում էր գործարկել 2014թ., սակայն նախորդ տարվա մարտին էներգետիկայի գծով եվրահանձնակատար Գյունտեր Էթթինգերը հայտարարեց, թե նոր գազամուղը լավագույն դեպքում շահագործման կհանձնվի 2018թ.: Nabucco-ն համարվում է ռուսական «Հարավային հոսք» գազամուղի հիմնական մրցակիցը: Ակնկալվում է, որ «Հարավային հոսքով» գազի առաքումները կսկսվեն արդեն 2015թ. ավարտին: