AM
14 Հունվար 2011 - 10:41 AMT

Կառավարությունը կարեւորում է պոմպակայանների գործարկումը մինչ նոր ոռոգման շրջանի սկիզբը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ծանոթացել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ»-ի (ՀՄՀ) ծրագրերի շրջանակում իրականացվող մի շարք պոմպակայանների վերականգնման աշխատանքների ընթացքին: Փոխվարչապետին ուղեկցում էին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հայաստանյան ծրագրի տնօրեն Ալեքս Ռասինը, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան՚»ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը:

Բաղրամյանի, Նոյակերտի, Բուրաստանի եւ Ավշար-Այգեվանի պոմպակայանների վերականգնման վերաբերյալ ներկայացվել էր նոր ժամանակացույց, որով նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչեւ մարտի 15-ը: Տեղերում փոխվարչապետին ներկայացվեցին կատարված աշխատանքների ծավալները: Ավշար-Այգեվանի պոմպակայանում իրականացվել է ընդհանուր աշխատանքների 30, Նոյակերտի պոմպակայանում` 15, Բուրաստանի եւ Բաղրամյանի պոմպակայաններում` 60-65 տոկոսը: Բոլոր շինհրապարակներում պատասխանատուները եւս մեկ անգամ վստահեցրեցին, որ աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետներում:

Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ «Մխչյան » պոմպակայանի շինհրապարակ: Ներկայացվեց, որ շինաշխատանքների հիմնական մասը` շուրջ 70 տոկոսն արդեն կատարվել է:

Փոխվարչապետը կարեւորեց պոմպակայանների գործարկումը մինչ նոր ոռոգման շրջանի սկիզբը եւ հորդորեց ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ, ինչպես նաեւ հատուկ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին, հաղորդում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: