AM
14 Հունվար 2011 - 12:30 AMT

Դավիթ Բաբայան. Ադրբեջանին որևէ տարածքի հանձնումն անիրական է

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները արդեն տևական ժամանակ է, ինչ ընթանում են: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը: Ըստ նրա, դրա պատճառը մի քանի գործոններ են, որոնցից գլխավորն այն է, որ բանակցությունների ձևաչափը չի համապատասխանում հակամարտության էությանը, քանի որ գործընթացին չի մասնակցում գլխավոր շահագրգիռ ուժը՝ ԼՂՀ-ն: «Եվս մեկ ապակայունացնող գործոն է Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը, որը կոշտ է ու անզիջում: Եվ հենց այս համատեքստում են հայտնվում տարբեր տեսակի մեկնաբանություններ կարգավորման սկզբունքների վերաբերյալ, լինեն դա Մադրիդյան թե ինչ-որ այլ սկզբունքներ»,-ասել է նա:

Դավիթ Բաբայանն ընդգծել է նաև, որ բոլորը հիանալի գիտեն, որ չի կարող վերադարձ լինել դեպի անցյալ: «Ճիշտ է, ցանկացած հակամարտության լուծում երկու կողմերի փոխզիջում է ենթադրում: Միակողմանի զիջում լինում է միայն պարտության ու հաղթողի ողորմածությանը հանձնվելու դեպքում: Մադրիդյան սկզբունքները փոխզիջում են երկու կողմի համար: Սակայն, ես փոխզիջման հնարավորություն չեմ տեսնում, քանի որ Բաքուն արգելակում է խաղաղ գործընթացը: Ինչ վերաբերում է տարածքների հանձնմանը, ապա պետք է ասեմ, որ նման բան լինել չի կարող, դա ուղղակի անիրական է: Եթե գործը հասնի դրան, ապա մենք ևս պահանջներ ունենք. Բռնազավթվել է ԼՂՀ մի մասը, Հայաստանում բռնազավթվել է Արծվաշեն գյուղը: Ադրբեջանը ցանկանում է վերադառնալ 1988թ. կարգավիճակին, ինչն անհնար է: Սակայն, պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանն անկախություն է հռչակել 1991թ., երբ Արցախն արդեն ԱդրԽՍՀ կազմում չէր»,-ասել է քաղաքագետը:

Նա նշել է նաև, որ հակամարտության ցանկացած լուծում տեսականորեն չի կարող սպառնալիքի տակ դնել ԼՂՀ անվտանգությունը բոլոր ոլորտներում, սկսած ռազմական սպառնալիքից մինչ պարենային անվտանգությունը: