«Ես չեմ հրաժարվում հայերի և քրդերի վերաբերյալ իմ հայտարարություններից: Ես գրականագետ եմ, այլ ոչ թե քաղաքական գործիչ, և ինձ համար գլխավորը պատիվն է ու արժանապատվությունը»,- հայտարարել է թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը: Նրա խոսքերով, որոշ մարդիկ փորձում են իրեն ներկայացնել որպես ազգայնամոլության քննադատությամբ հանդես եկող մարդ: «Կան մարդիկ, որոնք ինձ ներկայացնում են որպես հիմար, մասնավորապես, խեղաթյուրում են իմ խոսքերն արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում: Դա քաղաքական խաղի մաս է, որը հաճախ ստացվում է: Ես հնարավոր ամեն ինչ անում եմ ինձ պաշտպանելու համար: Սակայն դա բավարար չէ»,- ասել է նա, գրում է թուրքական Radikal թերթը:
2005-ին շվեյցարական ամսագրին տված հարցազրույցում Փամուկը հայտարարել է. «Թուրքիայում սպանվել է շուրջ 1 մլն հայ և 30 հազար քուրդ»: Այդ պատճառով Փամուկին հետապնդել են Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով:





