AM
4 Օգոստոս 2003 - 14:23 AMT

ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԸ ԵՐԵՎԱՆԻՑ ՆՊԱՍՏԵԼ Է ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆԸ

Վրաստանի պարտիզաններն առանց որեւէ նախապայմանի ազատ են արձակել հուլիսի 30-ին Աբխազիայում պատանդ վերցված` 17-ամյա Առաքելյանին եւ 19-ամյա Սիչինավային: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, աբխազական հակամարտության գոտում գործող վրացական պարտիզանական շարժման ներկայացուցիչը հերքել է տարածված տեղեկատվությունն այն մասին, թե պարտիզանները գնդակահարել են երրորդ պատանդին` 76-ամյա Անդրանիկ Առաքելյանին: Նրա խոսքերով, երբ նրանց խումբը գնդակոծվել է աբխազական կողմից, «մոլոր գնդակից» զոհվել է Մամաշեւ ազգանունով պատանդը: Ինչ վերաբերում է մյուս երկու պատանդների ազատագրմանը, ապա, պարտիզանի խոսքերով, դրան նպաստել է մի հայ բժշկի` Աբխազիայի նախկին բնակչի եւ գերեվարված Առաքելյանի քեռու միջնորդությունը: Բանը նրանում է, որ այդ բժիշկը մի ժամանակ վիրահատել է պատանդներ վերցրած պարտիզանական խմբի հրամանատարի հոր սիրտը: «Այդ մարդը զանգահարել է Երեւանից եւ խնդրել իր զարմիկի համար: Մենք չէինք կարող այլ կերպ վարվել, քան ազատել պատանդներին: Զանգից անմիջապես հետո մենք գերիներին նստեցրեցինք ավտոբուս եւ տուն ուղարկեցինք», – հայտարարել է պարտիզանների ներկայացուցիչը: