AM
24 Հունվար 2011 - 10:02 AMT

«ՆԳ». Պատերազմը Ղարաբաղում կարող է սկսվել 2011թ. վերջում կամ, հավանաբար, 2012թ. ամռանը

«Բաքվի ռազմական ծախսերի աննախադեպ աճը մտավախություն է առաջացնում դիտորդների մոտ: Ըստ Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովի, 2011թ. երկրի ռազմական բյուջեն կաճի 90 տոկոսով և կկազմի 3,1 մլրդ դոլար: Եթե հաշվի առնենք, որ դրանից բացի շուրջ 1,36 մլրդ դոլար կծախսվի պաշտպանության նախարարության կարիքների համար, ապա երկրի ռազմական և պաշտպանական ծախսերը կկազմեն 4,46 մլրդ դոլար, կամ Ադրբեջանի ՀՆԱ-ի 8,9 տոկոսը: Նշենք, որ գրեթե նույն հարաբերակցությունն ուներ Վրաստանը 2008թ.՝ Հարավային Օսեթիայի իր անփառունակ ներխուժման շեմին»,-ասվում է «Նեզավիսիմայա գազետա» պարբերականում հրապարակված հոդվածում:

Ըստ հեղինակների, ծախսերի նման մակարդակը հայտնի պայմաններում հանդիսանում է պատերազմին լայնածավալ նախապատրաստման վկայությունը: Ելույթ ունենալով վերջերս նախարարների կաբինետի նիստում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանում արտադրվում է շուրջ 500 զինատեսակ:

Բնականաբար, նման իրավիճակում, այժմէական է դառնում հարցն այն մասին, թե որքանով են հնարավոր լայնածավալ ռազմական գործողությունները Բաքվի ու Երևանի միջև Լեռնային Ղարաբաղի համար և ինչպես դա կարող է անդրադառնալ ՌԴ ռազմաքաղաքական շահերի վրա: Սակայն, ոչ մի պաշտոնական հայտարարություն ՌԴ-ի կողմից դեռ չի եղել: Մոսկվան նախկինի պես բարեկամական հարաբերություններում է Բաքվի հետ և հայտարարում է Հայաստանի հետ իր դաշնակցային հարաբերությունների մասին:

Ըստ առաջին կարգի կապիտան Կոնստանտին Սիվկովի, որը ժամանակին գլխավորել է ՌԴ Գլխավոր շտաբի Ռազմական և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ռազմական շինարարության ու ռազմատեխնիկական քաղաքականության ուղղությունը, Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողությունների: «Հավանաբար, ադրբեջանական զորքերի կողմից «գրավյալ տարածքների ազատագրման» փորձ կձեռնարկվի 2011թ. վերջում կամ, հավանաբար, 2012թ. ամռանը»: