«Մենք մտադրություն չունենք սահմանափակել ղարաբաղյան հիմնախնդիրը հանձնաժողովի շրջանակներում: Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գոյության մասին խոսակցությունների հետ միասին մենք պետք է ուշադրություն դարձնենք մեկ իրողության վրա: Մենք ԵԽԽՎ յուրաքանչյուր նստաշրջանի օրակարգում մտցնում ենք ղարաբաղյան հարցը: Մեզ համար Եվրոպայի խորհուրդը ղարաբաղյան հիմնախնդրի հանձնաժողով է: Ես, իհարկե, պատկերավոր եմ ասում»,- հայտարարել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի միլի մեջլիսի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը:
Նրա խոսքերով, պատվիրակության գլխավոր նպատակն է ԵԽ-ին ԼՂ խնդիրը հասցնելը: «Դա կարող է իրականանալ թե ուղղակի, թե շրջանցիկ ճանապարհներով: Գլխավոր հարցն է` պահպանել այդ հիմնախնդիրը ԵԽ օրակարգում: Մենք մտադրություն չունենք սահմանափակել ԼՂ հիմնահարցը երկու-երեք հոգանոց հանձնաժողովի շրջանակներում: Առանձին հանձնաժողովի գործունեությունը նույնպես օգտակար է մեզ համար: Սակայն մենք պետք է հարցին մոտենանք գլոբալ մասշտաբներով, պետք է հասնենք ԼՂ հիմնախնդրի քննարկմանն ամենուր` հանձնաժողովում, ԵԽԽՎ քաղաքական խմբերում», նշել է ադրբեջանցի խորհրդարանականը և հավելել, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողով ստեղծելու հարցը կորոշվի հունվարի 28-ին, հաղորդում է ԱՊԱ-ն:





