Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բանաձևերը, ինչպես նաև ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի բանաձևերը կրում են զուտ խորհրդատվական բնույթ և ենթակա չեն պարտադիր կատարման: Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրեն Անդրեյ Արեշևի կարծիքով, այդ կազմակերպությունների բոլոր բանաձևերը և որոշումները կրում են քարոզչական բնույթ: Իր հերթին, ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը նշել է, որ ԵԽԽՎ -ն կարող է պատժամիջոցներ կիրառել յուրաքանչյուր երկրի նկատմամբ: «Դա ձայնի իրավունքի զրկում է կամ պատվիրակության լիազորությունների դադարեցում որոշակի ժամկետով: Բայց, որպես կանոն, նման բան հազվադեպ է լինում»,- ասել է Մայիլյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:
Նախօրեին ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը կոչ է արել Վեհաժողովին պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ:





