AM
31 Հունվար 2011 - 06:38 AMT

Ալեքսանդր Սոտնիչենկո. Մուբարաքն ու նրա ընտանիքը հեղինակազրկվել են և իշխանությունը չեն պահպանի

Այժմ Մերձավոր Արևելքում փոխվում են աշխարհիկ ազգայնական ռեժիմները, որոնք հաստատվել են 20-րդ դարում: Դժգոհության պատճառները շատ են: Համաշխարհային ճգնաժամի արդյունքում նվազել են զբոսաշրջությունից ստացվող եկամուտները, հատկապես, Եգիպտոսում ու Թունիսում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Ալեքսանդր Սոտնիչենկոն:

Ըստ նրա, աշխարհում աճում են պարենամթերքի գները, իսկ Հյուսիսային Աֆրիկայի երկրները կախված են դրսի առաքումներից: «Ավտորիտար ռեժիմները կոռուպցիոն են: Եգիպտոսը և Թունիսը կառավարում էին տարեց առաջնորդներ և հատկապես սուր էր կանգնած իշխանափոխության հարցը: Եգիպտոսում սուր է սոցիալական շերտավորման հարցը աշխարհիկ վերնախավի ու մահմեդական բնակչության միջև»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ Սոտնիչենկոն նշել է, որ Հորդանանի ռեժիմն այդ առումով բավականին ամուր է: «Այնտեղ բավականին լավ է զարգանում տնտեսությունը, խնդիրներ չկան իշխանափոխության համար, թագավորն երիտասարդ է ու հավակնոտ, իսկ ընդդիմությունը, ներառյալ մահմեդական եղբայրներին, օրինական է: Իսկ Եգիպտոսում, հակառակը, բոլոր այդ խնդիրները սրված են: Արդյունքում, հարկավոր է ակնկալել իրադարձությունների զարգացման երկու տարբերակ:

Էլ-Բարադեի գլխավորած լիբերալները պայմանավորվում են համագործակցության մասին հատուկ ծառայությունների հետ և ստեղծում են կոալիցիոն կառավարություն: Նրան սատարում են ԱՄՆ-ն և այլ երկրներ: Սակայն, հազիվ թե նրանց հաջողվի արագ կարգ ու կանոն հաստատել երկրում: Եթե նոր կառավարությանը չհաջողվի կայունացնել իրավիճակը, երկիրը կհայտնվի քաոսի մեջ, ինչը կկարողանան կասեցնել միայն «Եղբայր մահմեդականները», որոնց սատարում է բնակչության մեկ երրորդից ավելին: Սակայն, ներկայումս, նրանք չենք մասնակցում իշխանության համար պայքարին, նրանք այդպես էլ չվերածվեցին քաղաքական կուսակցության:

Սակայն կարելի է որոշակի ասել. Մուբարաքն ու նրա ընտանիքը հեղինակազրկվել են և իշխանությունը չեն պահպանի: Իրավիճակի հետագա զարգացումը Մերձավոր Արևելքում լիովին կախված է Եգիպտոսի իրավիճակից: Եթե այդ երկրում շուտով կայուն իշխանություն հաստատվի, օրինակը կարող է վարակիչ լինել»,-ասել է ռուս փորձագետը: