Կահիրեում զանգվածային ընդհարում է տեղի ունեցել նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցների ու հակառակորդների միջև: Քաղաքի կենտրոնական հրապարակում մի քանի հարյուր հազար ցուցարարներ են հավաքվել:
Ստացվող հաղորդագրությունների համաձայն, քաղաքացիական ոստիկանները ծեծի են ենթարկում ցուցարարներին:
Այլ տվյալներով, երկու կողմերի մասնակիցները միմյանց վրա քարեր և մետաղական ձողեր են նետում: Ոստիկանությունը կռվարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառում:
CNN հեռուստաալիքը հաղորդում է, որ Հոսնի Մուբարաքի մի քանի հազար կողմնակիցներ հարձակում են գործել հակակառավարական ցույցի մասնակիցների վրա: Մի քանի ձիեր և ուղտեր հեծնած մարդիկ փորձում են մտրակներով ցրել ցուցարարների ամբոխը: Որոշ ձիավորներ գետին են տապալվել: Հաղորդվում է մի քանի վիրավորների մասին: Եգիպտական բանակը կատարվող դեպքերին չի միջամտում, հաղորդում է MIGnews.com-ը:





