AM
7 Փետրվար 2011 - 13:40 AMT

Հոլանդացի քաղաքական գործիչ Գիրտ Վիլդերսը կրկին կանգնել է դատարանի առջև

Ամստերդամում նոր դատավարություն է սկսվել հոլանդացի քաղաքական գործիչ Գիրտ Վիլդերսի դեմ, որին մեղադրում են ազգամիջյան պառակտում սերմանելու մեջ: Հոլանդական Ազատության կուսակցության առաջնորդի հանդեպ դատավարությունը սկսվել է փետրվարի 7-ին, դատավորների նոր կազմով:

47-ամյա Վիլդերսին մեղադրանք է ներկայացվել 5 կետով 2006թ. մարտից մինչև 2008թ. մարտը նրա հրապարակային բանավոր և գրավոր արտահայտությունների հիման վրա:

Քաղաքական գործիչը հայտնի է որպես իսլամի քննադատ, որը նա սպառնալիք է համարում ժողովրդավարությանը և հետամնաց մշակույթի գաղափարախոսություն:

Վիլդերսը հայտարարում է, որ իր գլխավոր նպատակն է թույլ չտալ Նիդերլանդների իսլամականացումը: Նա կոչ է անում սահմանափակել մահմեդական երկրներից ներգաղթյալների հոսքը, արգելել մզկիթների շինարարությունը և առաջարկում է հարկ սահմանել հիջաբներ կրելու համար, հայտնում է MIGnews.com-ը: