Հանրապետական կուսակցությունից ընտրված կոնգրեսականները, որոնք մեծամասնություն են կազմում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, հայտարարում են 2011թ. ֆինանսական ծախսերը կրճատելու մտադրության մասին, ինչը կարող է անդրադառնալ նաև այն ֆինանսական ծրագրերի կրճատման վրա, որոնք հետաքրքրում են ԱՄՆ հայ համայնքին: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) հաղորդագրության մեջ:
Դեռ հայտնի չէ, ինչպես դա կանդրադառնա Հայաստանին ու Արցախին ԱՄՆ կողմից տրամադրվող օգնության վրա: Օրենսդիրներին հասցեագրված նամակներում հանձնախումբը նշել է, թե որքան կարևոր է Հայաստանի համար ամերիկյան օժանդակությունը տարածաշրջանում խաղաղության պահպանման ու հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման համար:
ANCA-ն նաև հորդորել է կոնգրեսականներին պահպանել օգնության նախկին ծավալները՝ Հայաստանին տնտեսական օգնության 50 մլն դոլարի և 10 մլն ռազմական օգնության ձևով, ինչպես նաև Ղարաբաղին հատկացվող 10 մլն դոլարը:
Հանձնախումբը կոչ է անում կոնգրեսականներին պահպանել Ազատության ակտի 907-րդ ուղղումը, որը թույլ չի տալիս ԱՄՆ-ին ռազմական օգնություն ցույց տալ Ադրբեջանին:





