AM
15 Փետրվար 2011 - 07:27 AMT

Lincy բարեգործական հիմնադրամը դադարեցնում է իր գործունեությունը

Ամերիկահայ միլիարդեր Քըրք Քըրքորյանի հիմնած Lincy բարեգործական հիմնադրամը դադարեցնում է իր գործունեությունը: Ինչպես գրում է Asbarez.com-ը, նախօրեին Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր Ջեն Բլոքն ու Քըրք Քըրքորյանը հայտարարել են Dream Fund at UCLA ստեղծման մասին:

Հիմնադրամը կաջակցի Կալիֆորնիայի համալսարանի բժշկական հետազոտություններին ու ակադեմիական ծրագրերին, ինչպես նաև ԱՄՆ տարածքում իրականացվող բարեգործական ծրագրերին: Lincy-ին իր շուրջ 200 մլն դոլարի բոլոր ակտիվները կփոխանցի Կալիֆորնիայի համալսարանին և կդադարեցնի իր գործունեությունը:

1998թ. ՀՀ կառավարությունն ու Lincy հիմնադրամը պայմանագիր կնքեցին, որի համաձայն հիմնադրամը 100 մլն դոլար հատկացրեց Հայաստանում մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված վարկային ծրագրի իրականացման համար: 2000թ. հիմնադրամը Հայաստանի կառավարությանը հատկացրեց 165 մլն դոլար տնտեսության զարգացման համար: Այդ միջոցներով Հայաստանում մի շարք ծրագրեր իրականացվեցին՝ բնակարաններ կառուցվեցին աղետի գոտում, վերանորոգվեցին և կառուցվեցին նոր ճանապարհներ, վերնորոգվեցին մի շարք թատրոններ ու թանգարաններ, բարեկարգվեց Երևանի կենտրոնը: