AM
15 Փետրվար 2011 - 08:18 AMT

Երկրորդ օրն է Թեհրանում շարունակվում են ոստիկանության և ցուցարարների միջև բախումները

Թեհրանում երկրորդ օրը տեղի են ունենում բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև: Երկուշաբթի օրվա նման ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ և մահակներ ցուցարարների ցրելու համար, որոնք պահանջում են Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրաժարականը: Ոստիկանության հետ միասին ցուցարարներին ցրելուն մասնակցում են բասիջները` կառավարամետ, կիսազինվորական խմբավորումները: Թեհրանում և Իրանի այլ խոշոր քաղաքներում ցույցերին մասնակցում է 20-30 հազար մարդ:

Ինչպես հիշեցնում է United Press International-ը, Թեհրանի կենտրոնում անջատվել է բջջային կապը և ինտերնետը: Ընդդիմության առաջնորդներ Միր Հոսեյն Մուսավին և Մեհդի Կարուբին տնային կալանքի տակ են: Երեկ տեղի ունեցած ընդհարումների արդյունքում զոհվել է մեկ հոգի, տասնյակ մարդիկ վիրավորվել են, 200 ավելի մարդ` ձերբակալվել:

Բողոքի ակցիաներ տեղի են ունեցել նաև Սպահանում և Թավրիզում: