Չնայած նրան, որ Իրանի Իսլամական հեղափոխությունից անցել է 32 տարի, այդ հեղափոխության ֆենոմենը չի դադարում մնալ վերլուծաբանների, գիտնականների և քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում: Այդ մասին «Իսլամական հեղափոխությունը համեմատական համատեքստում» գիտաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Վահան Բայբուրդյանը:
Նրա խոսքերով, Իսլամական հեղափոխությունը 20-րդ դարի վերջին քառորդի աննախադեպ իրադարձություն էր: Նա նշել է, որ այն ժողովրդական հեղափոխություն էր, որը ցույց է տվել երրորդ աշխարհի երկրներին, որ առանց զենքի կարելի է հաղթել սեփական իրավունքների համար պայքարում: Նա նաև նշել է, որ Իրանը միակ երկիրն է, որտեղ տեղի է ունեցել հեղափոխություն առանց օտար երկրների օգնության: «Կարևոր է նաև նշել այն, որ հեղափոխությունը տեղի է ունեցել աշխարհի կարևորագույն տարածաշրջաններից մեկում, որտեղ գերտերությունները կենսական կարևոր նպատակներ են հետապդնում»,- ասել է նա: Նրա խոսքերով, այսօր Իրանը Հարավային Կովկասում կայունության և խաղաղության կարևոր գործոն է:





