Եվրոպայի hայկական միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) ներկայացուցիչ Տաթևիկ Գրիգորյանը Լոնդոնում մասնակցել է ԱՄՆ Լուիսվիլի համալսարանի պրոֆեսոր, ակադեմիկոս Ջասթին ՄըքՔարթիի «Նախապաշարմունք, խաբեություն և Հայկական հարցը» Հայոց ցեղասպանությունը հերքող դասախոսությանը և խիստ դատապարտել է կազմակերպիչներին` ներկայացնելով ապացույցներ նրանց փաստարկների սնանկության վերաբերյալ:
Դասախոսության անվանումը խաբուսիկ էր, քանզի «Հայոց հարց՚» ասելով բոլորը ցեղասպանություն հասկացան, բայց ամբողջ դասախոսությունը նվիրված էր նրան, որ 1894թ-ին, Սասունից ԱՄՆ ու Անգլիա հասած տեղեկատվությունը անվստահելի էր երկու պատճառով. 1.այն գալիս էր ամերիկացի միսիոներներից, որոնք լինելով քրիստոնյա պարզապես թուրքերի դեմ նախապաշարմունք ունեին, կամ 2.հայերից, և այդ իսկ պատճառով սուտ էր: Ըստ ՄըքՔարթիի, հիմնական ապացույցը, որ հայերի փաստերը հորինված են, կայանում էր նրանում, որ արևմուտքը թուրքերին չէր սիրում ու չի սիրում մինչև օրս: Դասախոսության ընթացքում ոչ մի լուսանկար կամ լուրջ փաստ չէր ներգրավված:
Շատ թուրք ունկնդիրներ նույնիսկ նշեցին, որ այս դասախոսության պատճառով սկսում են կարծել, որ ցեղասպանությունն իրոք տեղի է ունեցել: ՄըքՔարթիի դասախոսությունը ճիշտ հակառակ տպավորությունն էր թողնում և հատկապես թուրք մասնակիցները զարմացել են Հայոց ցողասպանության շուրջ վիճակագրական տվյալների բազմության ու մեծաքանակ հոդվածների պատճառով: Այս ամենը նշեց իր ելույթում ԵՀՄՖ ներկայացուցիչ, Լոնդոնի հայտնի իրավաբանական ֆիրմաներից մեկի իրավաբան` Տաթևիկ Գրիգորյանը, որը հայտարարեց. «Պարոն ՄըքՔարթի, Դուք այս երեկոյի ընթացքում Ձեզ խայտառակեցիք առհավետ և մնացիք միայնակ տասնյակ ակադեմիկոսնրի մեջ, քանի որ բոլոր մնացած գիտնականները ճիշտ հակառակն են ապացուցում: Դուք դասախոսության ընթացքում չցուցադրեցիք ոչ մի լուսանկար և ներկայացրեցիք մատիտով նկարված պատկերներ ու ծաղրանկարներ»: Այնուհետև դիմելով դահլիճին Տաթևիկ Գրգորյանը առաջարկեց ինտերնետի մոտ հայտնվելու դեպքում անմիջապես մտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ կայքէջեր ու ծանութանալ այն բազմաթիվ լուսանկարների հետ, որոնք կատարվել են գերմանացի, ամերիկացի ֆրանսիացի և այլազգի ականատեսների կողմից»:
Դասախոսության ավարտից հետո շատ թուրքեր մոտեցել են Տ. Գրիգորյանին և հայտնել, որ դասախոսությունը իրենց խորհելու տեղիք է տալիս` հատկապես ցեղասպանությունը հաստատող փաստերի առատության և ցեղասպանությունը հերքող փաստերի թույլ ու անվստահելի լինելու պատճառով, հայտնում է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունը
1967-69թթ-ին Ջասթին ՄըքՔարթին դասավանդել է Անկարայի համալսարանում և ստացել է «honorary doctorat Ստամբուլի համալսարաններից մեկում: 1998թ-ին Ջասթին ՄըքՔարթին Թուրքիայի կողմից ստացել է պատվո մեդալ: Հայտնի է նրանով, որ չի ընդունում Հայոց ցեղասպանության փաստը և այդ պատճառով նա մերժվում է մյուս բոլոր աշխարհահռչակ ակադեմիկոսների կողմից:





