AM
18 Փետրվար 2011 - 13:15 AMT

Jane’s. Ադրբեջանի բանակի քանակական գերազանցությունը հազիվ թե վերաճի որակականի

Ամերիկյան հետազոտական Jane’s Intelligence կենտրոնը փաստում է, որ այսօր հարկավոր է մտածել ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում նահանջի կասեցման ուղղությամբ՝ անկախ դիվանագիտական ջանքերից, հակամարտությունը ուռճանում է: « Նավթից ու գազից ստացվող շահույթի հաշվին Ադրբեջանը փորձում է փոխել 17-ամյա ստատուս-կվոն Ղարաբաղի հարցում: 2011թ. Բաքուն մտադիր է 3,1 մլրդ դոլար հատկացնել ռազմական ոլորտի համար, ինչը վեց անգամ գերազանցում է Հայաստանի ծախսերը…Վերջին տարիներին Ադրբեջանի ծախսերը միայն փամփուշտների ձեռքբերման համար հավանաբար գերազանցել են 1 մլրդ դոլարը»,-ասվում է զեկույցում:

Նշելով Ադրբեջանի քանակական գերազանցությունը՝ Jane’s Intelligence-ը միևնույն ժամանակ կասկածում է, թե այն կվերաճի որակականի: Այստեղ հաշվի են առնվում Ղարաբաղի աշխարհագրական դիրքը, ՀՀ ռազմական դաշինքը Ռուսաստանի հետ, ներքաղաքական իրավիճակը: «Այս ամենը չի բացառում պատերազմի վերսկսման հնարավորությունը Ղարաբաղում, սակայն, կողմերի սահմանափակ կարողություններն ու միջազգային հանրության դիրքորոշումը նվազեցնում են իրադարձությունների զարգացման նման սցենարի հավանականությունը»,-գրում է Jane’s Intelligence-ը, գրում է «Նեզավիսիմայա գազետան»: