AM
18 Փետրվար 2011 - 13:26 AMT

«Սարդարապատ» շարժումը ողջունում է Չինաստանի ԱԳ նախարարի պատմական այցը Հայաստան

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Յան Ցզեչիի այցը պատմական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար: Այդ մասին ասվում է «Սարդարապատ» շարժման նամակում՝ ուղղված ՀՀ-ում Չինաստանի դեսպան Տյան Չանչունին:

Արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցը Հայաստան կրկնակի է արժևորվում համայն հայության համար, քանի որ Յան Ցզեչինը փետրվարի 17-ին հարգանքի տուրք մատուցեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Բարձրաստիճան պաշտոնիայի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հայ ժողովրդի կողմից գնահատվում է շնորհակալությամբ և երախտիքի զգացումով:

«Հնագույն ժամանակներից մշակութային և առեւտրական կապեր ունենալով Չինաստանի և չին ժողովրդի հետ, հայ ժողովուրդը ակնածանքով և հիացմունքով է հետևում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքական և տնտեսական բոլոր այն հաջողություններին և նվաճումներին, որոնք ձեռք են բերվում երկրում առկա բարոյականության և սոցիալական արդարության միջավայրում քաղաքացիների աշխատասիրությամբ և նվիրումով:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության իրականացրած արտաքին և ներքին քաղաքականությունը տարածաշրջանում և աշխարհում կարող է օրինակ ծառայել ժողովուրդների իրապես համակեցություն և համերաշխություն ստեղծելու համար»,-ասվում է նամակում: