AM
19 Փետրվար 2011 - 07:25 AMT

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթը»

Փետրվարի 19-20-ը Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի կունենա «Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթ»-ի բանավոր փուլը, որի անցկացման մասին հայտարավել էր 2010թ.-ի սեպտեմբերին: «Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթը», որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, նպատակ ունի բարձրացնել մտավոր սեփականության բնագավառում հասարակության և մասնավորապես իրավաբան ուսանողների, իրավաբանական ֆակուլտետների դասախոսների, փաստաբանների և դատավորների իրազեկությունը, ինչպես նաև` Հայաստան ներմուծել այս բնագավառում զարգացած իրավական և դատական համակարգ ունեցող երկրների փորձը:

Մրցույթին մասնակցում են յոթ ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների ուսանողներից կազմված թիմեր, որոնց տրամադրվել է հիպոթետիկ գործ` հայաստանյան և արտերկրյա ընկերության միջև ծագած մի մտածածին վեճի մասին, որը ներառում է ապրանքային նշաններին և հեղինակային իրավունքին վերաբերող մի քանի խնդիրներ: Այս գործի ուսումնասիրության և երկար հետազոտությունների արդյունքում թիմերն արդեն կազմել և մրցույթի դատավորներին են ներկայացրել իրենց կողմից պատրաստված գրավոր աշխատանքները` հայցվորի հայցադիմումը և պատասխանողի պատասխանը, իսկ բանավոր փուլի ընթացքում ներկայացնելու են իրենց վստահորդի շահերը որպես հայցվոր և պատասխանող:

Որպես մրցույթի դատավորներ հրավիրված են գործող և նախկին դատավորներ, մտավոր սեփականության իրավունքի բնագավառի մասնագետներ և իրավաբաններ:

Microsoft Inc.-ի հայաստանյան գրասենյակը ևս աջակցում է մրցույթին և հաղթող թիմի անդամներին, որպես մրցանակ, տրամադրելու է Windows ծրագրի լիցենզիոն օրինակներ, իսկ մյուս թիմերի անդամներին` այլ նվերներ, տեղեկացնում է Microsoft Inc.-ի հայաստանյան գրասենյակի մամլո ծառայությունը:

Մրցույթն իրականացվում է Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչության (ներկայումս ABA ROLI), «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հասարակական կազմակերպության, Հայաստանի Ամերիկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի և «Կնյազյան ընդ Փարթնրս» իրավաբանական գրասենյակի նախաձեռնությամբ: