AM
19 Փետրվար 2011 - 09:16 AMT

Տեղի է ունեցել «Տեսչական բարեփոխումները ՀՀ-ում» թեմայով քննարկում

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործարարության աջակցման գրասենյակի նախաձեռնությամբ փետրվարի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող տեսչական բարեփոխումների պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում կազմակերպված հերթական հանդիպումը մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, Գործարար շահերի պաշտպանության ցանցի անդամ-կազմակերպությունների, Սպառողների ազգային ասոցիացիայի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում միջազգային փորձագետ Ռոբին Քրոֆթը ներկայացրեց շուկայի վերահսկողության վերաբերյալ շնորհանդեսը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների քարտուղարության կողմից ներկայացվեց Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի մեթոդաբանությունը:

Ներկայացված շնորհանդեսներից հետո միջոցառման մասնակիցներին հնարավարություն ընձեռվեց հայտնել իրենց կարծիքները, ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ Հայաստանում իրականացող տեսչական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ: Հանդիպման մասնակիցները նաև հնարավորություն ունեցան իրենց հարցերը ուղղել ինչպես միջազգային փորձագետ Ռոբին Քրոֆթին, այնպես էլ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին, հայտնում է էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը: