Թուրքիայում հրատարկվել է ամենախոշոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Ղըլիչդարօղլուի կենսագրությունը: «Դերսիմցի հայ Եմուշի որդի՝ ինժեներ Քեմալը» գիրքը փոստով ուղարկվել է Թուրքիայի խորհրդարանի որոշ պատգամավորներին ու խմբակցությունների ղեկավարներին:
Քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունից ընտրված պատգամավոր Շերաֆֆետդին Հալիսը իր վրդովմունքն է հայտնել այդ առիթով. «Գրքի անվանումն արդեն խոսում է բովանդակության մասին: Ես Ղըլիչդարօղլուի փաստաբանը չեմ, սակայն այս գրքում բազում վիրավորանքներ կան ինչպես նրա, այնպես էլ հայ համայնքի հասցեին: Դա ստոր և անբարոյական մոտեցում է: Պարզ է, որ գիրքը պատվիրված է»,-գրում է թուրքական «Միլիեթը»: «Իմ մայրը կարող է հայ, քուրդ կամ հույն լինել, դրանից իմ սերը նրա հանդեպ չի պակասի»,-ասել է Քեմալ Ղըլիչդարօղլուն: Ըստ նրա, գիրքը իշխող կուսակցության պատվերն է, որը վախենում է պարտվել հունիսի 12-ին կայանալիք ընտրություններում:





