ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 23–ին հանդիպել է հանրապետության փրկարար ծառայության ղեկավար անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2010 թվականին գերատեսչության գործունեության արդյունքները եւ 2011 թվականի անելիքները:
Զեկույցներով հանդես են եկել փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը եւ կառույցի պատասխանատու աշխատողները:
Նշելով, որ վերջին ժամանակաշրջանում էապես ակտիվացել է ծառայության գործունեությունը, երկրի ղեկավարը միաժամանակ մատնանշել է կատարված աշխատանքներում առկա թերությունները:
Բակո Սահակյանը հանձնարարել է անցկացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները ծառայության աշխատանքների արդյունավետության եւ օպերատիվության, աշխատողների մասնագիտական պատրաստվածության, ինչպես նաեւ հասարակության մեջ փրկարար ծառայության հեղինակության բարձրացման ուղղությամբ: Այս համատեքստում երկրի ղեկավարը կարեւորել է Ստեփանակերտի քաղաքապետարանի, հանրապետության շրջվարչակազմերի եւ Հայաստանի համապատասխան կառույցների հետ համագործակցության ընդլայնման եւ խորացման անհրաժեշտությունը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:





