Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը (ԵՀՄՖ-ն) ողջունում է հայ երաժշտության հիմքերին վերադառնալու շուրջ քննարկումները: Սփյուռքում կա համանման անհրաժեշտություն հայ երաժշտության արմատներին վերադառնալու և ճշտորեն զատելու հայկականը թուրքականից, պարսկականից, արաբականից և ադրբեջանականից: Երաժշտության ընկալումներն սփյուռքում մասնավորապես հիմնվում են Հայաստանում ներկայացվող չափանիշների վրա, որոնք սակայն վերջին տասնամյակներում չափազանց անորոշ են ու աղավաղված:
Հայ երաժշտության ակունքներին վերադառնալու համար որպես դասական հանրագիտարան մենք ունենք Կոնիտասի կողմից կատարված աշխատանքները: Կոմիտասը քսաներորդ դարի սկզբին մաքրեց հայկականը արևելյան ազդեցություններից և ներկայացրեց մեր ժողովրդին որպես ուղեցույց: Այս ընկալումն իսպառ բացակայում է այսօրվա հայաստանյան մշակույթը պահպանող պաշտոնյաների և ընդհանրապես ինշխանավորների մոտ:
«Կոչ ենք անում հայ մտավորականներին սկսել անողոք պայքար հարևանների անճաշակ երաժշտության ազդեցությունից ազատվելու համար, որի արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել մեր ազգի այսօրվա ոչ միայն մշակությաին, այլև մտավոր կարողությունները` ստանալով որակական փոփոխություններ մեր ողջ կենսակերպի մեջ, ասվում է ԵՀՄՖ-ի հայտարարության մեջ:





