AM
4 Օգոստոս 2026 - 17:12 AMT

ԱՄՆ-ն TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումը հասցրել է 402 միլիոն դոլարի

ԱՄՆ իշխանությունները կրկնապատկել են TRIPP+ ձեռնարկատիրական հիմնադրամի ֆինանսական միջոցները՝ դրանք 201 միլիոն դոլարից հասցնելով 402 միլիոն դոլարի։

Այդ տվյալները հրապարակվել են ԱՄՆ կառավարության պաշտոնական ծախսերի շտեմարանում: Նշվում է, որ ծրագրի իրականացման համար հատկացված միջոցների հիմնական օգտագործման վայրը Հայաստանի Հանրապետությունն է, հայտնում է Արմենպրեսը:

Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ֆինանսավորումը վերաբերում է Trump Route for International Peace and Prosperity (TRIPP) հաղորդակցային նախաձեռնությանը, որը նախատեսում է Հայաստանի հարավով անցնող տրանսպորտային երթուղու զարգացում՝ Հարավային Կովկասը Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի հետ կապելու նպատակով։

Ըստ պաշտոնական տվյալների՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն 2026 թվականի հունվարի 30-ին TRIPP+ Enterprise Fund-ին տրամադրել է 201 միլիոն դոլարի դրամաշնորհ, որի գործողության ժամկետը սահմանվել է մինչև 2036 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հուլիսի 16-ին դրամաշնորհի պայմաններում կատարված փոփոխությամբ ֆինանսավորման պարտավորությունը հասցվել է 402 միլիոն դոլարի՝ առանց ծրագրի ավարտի ժամկետի փոփոխության։

TRIPP+ ձեռնարկատիրական հիմնադրամը հիմնադրվել է 2026 թվականի հունվարի 26-ին՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Վաշինգտոնում կայացած հանդիպումից երկու շաբաթ անց։

Հանդիպման ավարտից հետո կողմերը հրապարակել են փաստաթուղթ, ըստ որի՝ նախատեսվում է ստեղծել TRIPP Development Company (ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն), որը պետք է ապահովի Հայաստանի հարավով անցնող TRIPP երթուղու ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումը։ Ընկերության բաժնետոմսերի 26 տոկոսը պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, իսկ 74 տոկոսը՝ ԱՄՆ-ին։

TRIPP+ Enterprise Fund-ը և TRIPP Development Company-ն տարբեր կազմակերպություններ են։ Վերջինս նախատեսված է Հայաստանի հարավով անցնող ենթակառուցվածքային նախագծի մշակման և իրականացման համար։

TRIPP Development Company-ն գործելու է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) հովանու ներքո։

Ի տարբերություն զարգացման ընկերության՝ TRIPP+ Enterprise Fund-ը ստեղծվել է որպես առանձին ներդրումային հիմնադրամ։ Դրա ղեկավար է նշանակվել գործարար Կոնստանտին Սոկոլովը։ Աղբյուրի տվյալներով՝ Դելավեր նահանգում գրանցված ընկերությունների պաշտոնական բազայում հիմնադրամը ներկայացված է նաև Trans-Caspian Enterprise Fund անվամբ։

Նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորման ծավալի ավելացումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Վաշինգտոնը փորձում է ընդլայնել իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև տարածաշրջանը Տրանսկասպյան միջանցքի հետ կապող նախագծերի առաջմղման գործում։

Նախաձեռնության հեղինակների գնահատմամբ՝ TRIPP երթուղու իրականացումը կարող է էական ազդեցություն ունենալ ոչ միայն տարածաշրջանային առևտրի և լոգիստիկայի, այլև Հարավային Կովկասի ռազմավարական միջավայրի վրա։