AM
Photo: TASS
6 Օգոստոս 2026 - 12:14 AMT

ՌԴ-ում Պակիստանի դեսպանը կարևորել է «կապակցվածությունը» ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ հետ

Պակիստանը կարևորում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հետ համագործակցության ամրապնդումը, հայտարարել է Ռուսաստանում Պակիստանի դեսպան Ֆայսալ Նիյազ Թիրմիզին։

Խոսելով Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին՝ Բաքվի և Երևանի միջև առկա հակասությունների մեղմացման, ինչպես նաև Պակիստանում Հայաստանի առաջին դեսպանի նշանակման համատեքստում, դիվանագետը նշել է. «Հայաստանը, Ադրբեջանը և ամբողջ Կովկասը շատ ընդհանրություններ ունեն Պակիստանի հետ», հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Երկար տարիներ մենք դիվանագիտական հարաբերություններ չենք ունեցել Հայաստանի հետ, և ես շատ ուրախ եմ, որ վերջին իրադարձություններից հետո ձևավորվել է Հայաստանի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության գիտակցումը։ Եթե նայեք վերջին իրադարձություններին, ես շատ եմ ճանապարհորդել Դաղստանում, Չեչնիայում, Սոչիում, Կրասնոդարում, եղել եմ նաև Ադրբեջանում։ Պատմականորեն Կովկասյան տարածաշրջանն ու Պակիստանը շատ ամուր կապեր ունեն։ Ես մեծ հեռանկարներ եմ տեսնում Պակիստանի, Հայաստանի և ամբողջ Կովկասի տարածաշրջանի միջև»,-ասել է նա:

Դեսպանը նաև նշել է, որ Պակիստանում բնակվում են զգալի թվով հայեր։

«Քչերը գիտեն, սակայն երկրի բարձրագույն ռազմական պարգևների արժանացած զինվորներից մեկը հայկական ծագում ունեցող պակիստանցի զինվոր է եղել»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ ժողովուրդների միջև շփումների զարգացմանը նպաստում են նաև արտերկրում ձևավորված կապերը։

«Ես եղել եմ նաև Դուբայում։ Այնտեղ հայերի և պակիստանցիների միջև բազմաթիվ ամուսնություններ են կնքվել։ Դա նպաստում է մարդկանց միջև կապերի ամրապնդմանը, առևտրի և մշակույթի զարգացմանը։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանը, Ադրբեջանը և ամբողջ Կովկասը շատ ընդհանրություններ ունեն Պակիստանի հետ»,– նշել է դիվանագետը։

Ֆայսալ Նիյազ Թիրմիզին նաև պատմել է, որ դեռ մանկուց հետաքրքրվել է Կովկասի պատմությամբ և երազել է կարդալ այդ թեմայով գրքեր։

«Ինձ բախտ է վիճակվել այցելել այս տարածաշրջանի բազմաթիվ երկրներ և վայրեր։ Այդ պատճառով մենք պատմական կապեր ունենք Կովկասի հետ։ Իսկ Հայաստանը դրանց շատ կարևոր բաղադրիչներից մեկն է։ Ես տեսնում եմ, թե ինչպես են այժմ զարգանում մարդկանց միջև շփումներն ու գործարար կապերը Հայաստանի և Պակիստանի միջև»,– ամփոփել է նա։

2025-ի օգոստոսի 31-ին հայտարարվել է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։

2025-ի մայիսին Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը Լաչինում հայտարարել էր, թե, իբր «Ադրբեջանը ժամանակին հարձակման է ենթարկվել Հայաստանի կողմից» և որ «Թուրքիան ու Պակիստանը, սարի պես, կանգնեցին Ադրբեջանի կողքին»։