Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում անցկացված «Համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման» թեմայով բարձր մակարդակի հանդիպմանը։
նշվել է, որ Հայաստանը կարևոր դեր է ունեցել այս գործընթացում՝ հանդես գալով որպես ՄԱԿ-ի՝ պանդեմիաների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման վերաբերյալ քաղաքական հռչակագրի բանակցությունների համակազմակերպիչ:
«Հայաստանում այս գլոբալ հանձնառությունները զուգակցվում են առողջապահական համակարգի շարունակական բարեփոխումների հետ։ 2026 թվականը կարևոր փուլ է՝ առողջապահական ապահովագրության բարեփոխումների մեկնարկով, որի նպատակն է ապահովել որակյալ բուժօգնության առավել հավասար հասանելիություն, ուժեղացնել քաղաքացիների ֆինանսական պաշտպանությունը և նվազեցնել առողջապահական ծախսերի ֆինանսական բեռը ընտանիքների վրա,- նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ առողջապահական համընդհանուր ապահովագրության ծածկույթն ամենօրյա պաշտպանություն է ապահովում քաղաքացիների համար, իսկ պանդեմիաներին պատրաստվածությունը կարևոր է այն իրավիճակներում, երբ հասարակությունները բախվում են ամենամեծ փորձություններին։
«Դիմակայուն առողջապահական համակարգերը պետք է պատրաստ լինեն երկուսին էլ»,- իր ելույթում նշել է Անահիտ Ավանեսյանը:
Միջազգային այս հարթակում նախարարի հիմնական կոչը եղել է քաղաքական հանձնառությունները վերածել հստակ և չափելի քայլերի՝ ձևավորելով առավել արդար, թափանցիկ և ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ։





