Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնին, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Նա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագին։
Փոլա Ուայթ-Քեյնը Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին:
Նորին սրբությունը ողջունել է հյուրի այցը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն՝ այն նկատելով պատեհ առիթ մոտիկից ճանաչելու քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած երկիրը, հայ ժողովրդին ու նրա հոգևոր-մշակութային հարուստ ժառանգությունը։ Վեհափառը գոհունակություն է հայտնել նաև նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ հայ հոգևոր առաջնորդների հանդիպման կազմակերպման գործում տիկին Ուայթ-Քեյնի ներդրած ջանքերի առնչությամբ։
Զրուցակիցներն ընդգծել են կրոնի և հոգևոր արժեքների դերը ժողովուրդների ապահով, բարօր ու առաջընթաց կյանքի կերտման գործում։ Շեշտվել է, որ առ Աստված հավատքը պետք է դրսևորվի սիրով, արդարությամբ և մերձավորի հանդեպ հոգածությամբ՝ ամրապնդելով համամարդկային համերաշխությունն ու խաղաղ համակեցությունը։ Այս առնչությամբ կարևորվել է հոգևոր առաջնորդների համատեղ ջանքերը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության հաստատման և ժողովուրդների լուսավոր գալիքի։
Իր հերթին տիկին Ուայթ-Քեյնը շնորհակալություն է հայտնել կաթողիկոսին ջերմ ընդունելության համար և կիսվել Սուրբ պատարագից ստացած իր տպավորություններով` ընդգծելով սրբազան արարողության ընթացքում ապրած խոր ակնածանքն ու հոգևոր խաղաղությունը։ Հյուրը երախտագիտությամբ անդրադարձել է նաև Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությանը, որպես հայ ժողովրդի հավատքի կենդանի վկայություն։





