Մարտի 1-ին մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ավստրիա: Էդվարդ Նալբանդյանին Վիեննայի իր նստավայրում ընդունեց Ավստրիական Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը: Նախագահը նշեց, որ Ավստրիան շահագրգռված է բարեկամական Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացման և ամրապնդման մեջ:
Հայաստանի արտգործնախարարը Ավստրիայի նախագահին հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և Երևան այցելելու հրավերը: Նախագահ Ֆիշերը խնդրեց իր ողջույներն ու բարեմաղթանքները հայտնել ՀՀ Նախագահին և շնորհակալությամբ ընդունեց հրավերը:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ վերջին շրջանում երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի կանոնավոր քաղաքական երկխոսությունը, փոխգործակցությունը ԵՄ ծրագրերի և միջազգային կազմակերպությունների շրջանակներում, զարգացող տնտեսական կապերը, մշակութային փոխանակումների ակտիվացումը արդեն կարևոր ձեռքբերում է, որի վրա հիմնվելով հարկավոր է գործուն քայլեր ձեռնարկել տարբեր բնագավառներում համագործակցությունը առավել ամրապնդելու և ընդլայնելու համար:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային հարաբերությունների օրակարգային մի շարք խնդիրների շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:





