AM
2 Մարտ 2011 - 07:09 AMT

Միխայել Շպինդելեգեր. Ավստրիան ղարաբաղյան հիմնախնդրի` բացառապես խաղաղ միջոցներով կարգավորման կողմից է

Ավստրիա կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպել է Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի նախարար Միխայել Շպինդելեգերի հետ: Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա բանակցությունները շարունակվեցին աշխատանքային ճաշի ձևաչափով:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն հայտնեց հաստատված բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ ինքը ջերմությամբ է հիշում անցյալ տարի Երևան կատարած այցը, և Հայաստանի իր գործընկերոջ այցելությունը լավ հնարավորություն է Երևանում մեկնարկած երկխոսությունը շարունակելու համար: Նախարար Շպինդելեգերն ընդգծեց, որ հայ-ավստրիական հարաբերություններում հիրավի նոր էջ է բացվել և Ավստրիան պատրաստակամ է գործուն քայլեր ձեռնարկելու տարբեր ոլորտներում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունն ամրապնդելու և խորացնելու համար:

Շնորհակալություն հայտնելով իր ավստրացի գործընկերոջը Վիեննա այցելելու հրավերի համար` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-ավստրիական հարաբերություններն ունեն դարերի պատմություն, որը հիշարժան է բարի ավանդույթներով և փոխադարձ բարեկամության դրսևորումներով, և իր այցելության հիմնական նպատակն է նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերություններին, որոնք ունեն չօգտագործված մեծ ներուժ:

Հայաստանի և Ավստրիայի հարաբերությունները խթանելու նպատակով նախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման համար:

Հայաստանի և Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները շեշտեցին երկկողմ հարաբերությունների խթանման նպատակով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը: Նախարարներ Նալբանդյանն ու Շպինդելեգերը բովանդակալից զրույց ունեցան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, եվրոպական կառույցների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի և տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Բանակցությունների ընթացքում քննարկվեցին նաև Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության տարբեր ուղղությունները, Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում երկկողմ փոխգործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Ավստրիական կողմի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և ակնկալիքները: Նախարար Շպինդելեգերը վերահաստատեց իր երկրի աջակցությունը Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին և հիմնախնդրի` բացառապես խաղաղ միջոցներով կարգավորմանը:

Հանդիպմանը մանրամասն քննարկվեց մշակութային և կրթական ոլորտներում համագործակցությունը և դրանց խորացման ուղղությունները: Գոհունակությամբ նշվեց, Երևանում Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում ավստրիական գրադարանի բացման փաստը և մտքեր փոխանակվեցին հումանիտար ոլորտում այլ ծրագրերի իրականացման ընթացքի շուրջ, Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի և ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի միջև համագործակցության վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: