ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը դիմել է պետքարտուղար Քլինթոնին` կոչ անելով արձագանքել Հայաստանի և Ղարաբաղի դեմ Բաքվի ագրեսիային և սպառնալիքներին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), կոնգրեսականը նշել է, որ անհրաժեշտ է ընդգծել լուրջ հետևանքները, որոնց հետ Ադրբեջանը բախվելու է ԼՂ-ում պատերազմի վերսկսման դեպքում:
Հարցը հնչել է հանձնաժողովում Քլինթոնի երեքժամանոց ելույթի ժամանակ:
«Ինչ վերաբերվում է Կովկասին, ապա Ադրբեջանի պատպանության նախարար Աբիևը վերջերս հայտարարել է, որ իր երկիրը լրջորեն պատրաստվում է պատերազմի: Հուսով եմ, որ Դուք կարող եք պաշտոնապես ասել լուրջ հետևանքների մասին, որոնց հետ Ադրբեջանը բախվելու է ԼՂ-ում պատերազմի վերսկսման դեպքում»,- ասել է Շերմանը:
Քլինթոնը գրավոր պատասխանելու է այդ և այլ հարցերի, որոնք տրվել են հանձնաժողովի անդամների կողմից:





